Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խնդրենք մեր պահապան հրեշտակներին, որ մեզ արթուն ու զգաստ պահեն ճշմարիտ հավատքի մեջ

Խնդրենք մեր պահապան հրեշտակներին, որ մեզ  արթուն ու զգաստ պահեն ճշմարիտ հավատքի մեջ
04.11.2016 | 00:05

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Հայ առաքելական եկեղեցին երկնային հրեշտակապետերի հիշատակությունն է նշելու։ Հանձինս բյուրավոր սրբերի, տարին մեկ անգամ հիշում ենք նաև ոգեղեն մեր բարեկամ ու օգնական հրեշտակներին, որոնք օրնիբուն հսկում և պահպանում են համայն մարդկությանը, որոնք Աստծո արարչական պատկերն ու նմանությունն են կրում։ Քանի որ մարդու կյանքի և մահվան անտեսանելի ուղեկիցները հրեշտակներն են, ուրեմն հիշյալ հրապարակումն ընծայաբերենք մեր սիրելի ու անտեսանելի պահապաններին։ Զուր չվկայակոչեցի «կյանքի և մահվան անտեսանելի ուղեկիցներ» արտահայտությունը: Այո՛, նաև մահվան, քանզի մեր պահապան հրեշտակները յուրաքանչյուրիս մահից հետո մեզ ուղեկցելու են երկնային Դատավորի՝ Հիսուս Քրիստոսի մոտ։


Նախ՝ մի փոքր իմացություն հրեշտակների մասին։
«Հրեշտակ» նշանակում է պատգամավոր կամ պատգամաբեր, որ Աստծո կամքն ու հրամաններն է երկիր հասցնում։ «Հրեշտակ» բառը Աստվածաշնչում օգտագործվել է հինգ հարյուր անգամ: Հիշյալ թվի քիչ մասն է վերաբերում մարդկանց առնչվող պատգամաբերությանը, քանի որ նրանցից շատերը նաև առանձին ազգերի ու պետությունների վրա են կարգված։ Հրեշտակների քանակը անհաշվելի է, այդ պատճառով Դանիել մարգարեն ասում է. «հազարք հազարաց և բյուր բյուրոց»։
Աստծո հրեշտակները ստեղծված են ծառայության և սպասավորության համար։ Պողոս առաքյալը, որ արժանացել է նաև իր աչքով տեսնելու նրանց, այս մասին գրում է. «Չէ՞ որ հրեշտակները սպասավորող հոգիներ են, որոնք սպասավորության են ուղարկված նրանց համար, որոնք փրկությունը պետք է ժառանգեն» (Եբր. 1.14)։
Բարսեղ Կեսարացին երկնային հրեշտակների մասին գրում է. «Երկնային զորքերի տեսքը օդային է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այսպես ասած, հրեղեն, ու երբեմն իրենց տեսքով երևում են Աստծո սրբերին»։


Հովհաննես Դամասկացին, ի մի բերելով մինչև 8-րդ դարը եղած եկեղեցու հայրերի տեսությունները հրեշտակների մասին, գրում է. «Հրեշտակը էություն է, օժտված մտքով, ազատ կամք ունեցող, անմարմին, ծառայող Աստծուն, իրեն տրված անմահության բնության շնորհի համեմատ, որի էության տեսակն ու նշանակությունը միայն Արարիչը գիտի»։
Նրանք երևում են արժանավորներին, ում Աստված կամենում է, որ երևան ոչ այնպիսին, ինչպիսին որ իրենք կան, այլ այլափոխված տեսքով, նայած ինչպես կարող է տեսնել դիտողը։ Հիշյալ իրողությունը Կյուրեղ Երուսաղեմացին բացատրում է այսպես. «Հրեշտակները երևում են իրենց մարմնի տեսքով, ինչպես երևում է Հին ուխտում նկարագրված դեպքերում։ Օրինակ, Ռաֆայել հրեշտակապետը մի քանի շաբաթ եղել է Տոբիթի ուղեկիցը, ու ոչ մի անգամ ոչ ոք չկասկածեց, որ նա մարդ չէ։ Բայց երբ հրեշտակապետը վերջում բացահայտեց նրան, նա ասաց. «Այն բոլոր օրերին, երբ երևում էի ձեզ, ոչ կերա, ոչ խմեցի, միայն ձեր աչքերին էր դա երևում» (Տոբիթ 12.19)։


Երեք հրեշտակները, որ երևացին Աբրահամին, նույնպես երևում էին իբր ուտում են, ու նրանց մասին մտածում էին, որ նրանք մարդիկ են (Ծննդոց 18, 19)։ Երբ Դանիել մարգարեին երևաց Գաբրիել հրեշտակապետը, նրա տեսքից Դանիելը դողաց ու երեսնիվայր ընկավ, չնայած նա մարգարե էր, չհամարձակվեց պատասխանել հրեշտակապետին, մինչև նա մարդու որդու տեսք չընդունեց»:


Նոր կտակարանում Գաբրիել հրեշտակը այն երանելի սպասավորն էր, որ մարդկության ամենաբաղձալի լուրը բերեց Մարիամ կույսին ու ավետեց, որ նա արժանացել է Աստծո Որդուն՝ Հիսուսին ծնելու ամենամեծ պատիվը կրելու։ Այդ պատճառով Մարիամ կույսը փառաբանության ժամանակ ասաց. «Ինձ երանի պիտի տան բոլոր ազգերը»։ Իսկ մյուս հրեշտակապետի մասին խոսվում է արդեն Հայտնության գրքում, որպես վախճանաբանության ավարտ, քանզի Միքայել հրեշտակապետին է տրված այն գերագույն պաշտոնը, որ պետք է մարդկության թշնամուն՝ սատանային շղթայի ու կրակի լիճը գցի հազար տարով, որից հետո երկրի վրա կթագավորի Խաղաղության Իշխանը՝ Հիսուս Քրիստոսը։
Չնայած հրեշտակների տեսքը մարդանման է, բայց և «մարմիններն աննյութական» են, այդ պատճառով նրանց տեսքը կարող է ապշեցնել յուրաքանչյուր մարդու, որը դեռ մարմնի մեջ է գտնվում։


Ըստ Հովհաննես Որոտնեցի վարդապետի բնորոշման. «Հրեշտակները պարզ էություն են, անձնիշխան կարողությամբ: Մշտաշարժ, անձնիշխան կամքով, անմարմին, Աստծո սպասավոր, բանական, մտավոր, փոփոխելի և անմահ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ չարի»:


Հրեշտակները մարդկանց նման բանական էակներ են, բայց փառքով ու զորությամբ խիստ գերազանց։ Նրանք մարդկանց նման ազատ կամք ունեն և այն ամբողջովին գործադրում են Աստծուն ծառայելու մեջ, ի տարբերություն սատանայի, որը սկզբում Արուսյակ էր կոչվում, բայց իր գերազանցությունից հպարտացավ ու ինքնակամ ապստամբեց Աստծո դեմ մի խումբ հրեշտակների հետ և այդ պատճառով վտարվեց Աստծո ներկայությունից ու այս կոսմոս կոչվող վայրը գցվեց։
Բոլոր հրեշտակներն անխտիր անսեռ են, այսինքն՝ չեն բազմանում իրենց նմանները ծնելով, նաև անմահ են։ Նրանց թիվը ոչ պակասում է, ոչ էլ ավելանում։


Եկեղեցու սուրբ հայրերին տրված հայտնությունների համաձայն ունենք հրեշտակների ինը դաս` «Ի լոյս անմատույց բնակեալ», այսինքն՝ անմերձենալի լույսերի մեջ բնակվող.
Ըստ ինը երկնային աստիճանակարգերի՝ հրեշտակներն իրենց բուն թարգմանական նշանակությամբ բաժանվում են.
1. Անեղ աստվածության աթոռներ - Աթոռ Քո Աստված հավիտյանս հավիտենից է,
2. բազմաչյա քերովբեներ - Տիրոջ օրհնյալ փառքը իր տեղում,
3. սրբասաց վեցթևանի սերովբեներ - սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ Տեր զորության,
4. անփոփոխ տերություններ - արքայություն Քո արքայություն է հավիտենից, տերությունը Քո ազգից մինչև ազգ է,
5. անհաղթելի սուրբ զորություններ - Տեր կարող զորության, Տեր հզոր պատերազմում,
6. գերագույն իշխանություններ - տրվեցին Քեզ հեթանոսները ժառանգություն և իշխանություն,
7. անմարմին պետություններ - Դու ես Քահանա հավիտյանս հավիտենից ըստ Մելքիսեդեկի կարգի,
8. բարձրյալի հրեշտակապետեր - ողորմյա, Տեր, Քո արարածներին,
9. հրեշտակների զինվորություններ - փա՛ռք ի բարձունս Աստծո:

Նաև գիտենք հրեշտակապետերի ինը անունները և դրանց թարգմանությունները: Թվարկենք այդ և անունների վերջում ժամանակակից հայերենի «ել»-ի փոխարեն, գրաբարյան տարբերակով գրենք «էլ», քանի որ «Էլ»-ը, Էլոհիմ՝ Աստծո անվանումներից մեկի անվան կարճ տարբերակն է, ինչպես օրինակ Էմանուէլ, որ թարգմանվում է Աստված մեր մեջ:
Միքաէլ- որպես Աստված կամ հզոր,
Գաբրիէլ - պատկեր Աստծո,
Ռաֆաէլ - բժշկություն Աստծո,
Անեաէլ - լրումն Աստծո,
ՈՒրիէլ - տեսումն Աստծո,
Դակուէլ- ինքն Աստվածային,
Բարուքիէլ - սկիզբն Աստծով,
Ադոնիէլ - Տերն իմ Աստծո,
Փանուէլ - հայտնություն Աստծո:

Իսկ Մատթեոսի Ավետարանում այսպես է գրված. «Զգո՛ւյշ եղեք, որ չգայթակղեք այս փոքրիկներից ոչ մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները տեսնում են Իմ Հոր երեսը» (Մատթ. 18.10)։
Իսկ այս մասին եկեղեցին հավելում է, որ մկրտությունից հետո յուրաքանչյուր մարդու, արդեն որպես Եկեղեցու մի անդամի, տրվում են երկու հրեշտակներ, որոնցից մեկը պահապան հրեշտակն է, իսկ երկրորդի մասին չի մանրամասնվում: Սակայն կան տեղեկություններ, որ մահանալուց հետո հոգիներին դեպի երկինք է ուղեկցում երկու հրեշտակ:
Վերջում մենք էլ խնդրենք մեր պահապան հրեշտակներին, որ մեզ արթուն ու զգաստ պահեն ճշմարիտ հավատքի մեջ, մինչև որ կարժանանանք Աստծո խոստացած Երկնային Արքայությանը։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ